Մարդու իրավունքները
պատերազմի թակարդում
Ադրբեջանը եւ Թուրքիան 2020թ․ սեպտեմբերին հարձակվեցին Արցախի վրա, հրետակոծեցին նաեւ Հայաստանի սահմանամերձ գյուղերը։ Հակառակորդն անզեն մարդկանց դեմ գործի դրեց զինանոցի բոլոր միջոցները՝ խախտելով նրանց հիմնարար իրավունքները
ՄԻԵԴ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի
Միջազգային իրավական ատյանում Ադրբեջանին հակազդելու հնարավորությունները
Պատերազմի 44 օրերին եւ հաջորդիվ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը սկսեց գործընթաց, որի հեռահար նպատակն է՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք խախտումների համար
27․09․2020 Միջանկյալ միջոց կիրառելու պահանջ՝ Ադրբեջանի նկատմամբ
Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով․ դրանք են՝
-Պարտադրել Ադրբեջանին դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը Հայաստանի և Արցախի շփման գծի ողջ երկայնքով,
-Պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից,
-Պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց:

29.09.2020 Միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա ՄԻԵԴ որոշումը
ՄԻԵԴ-ը կոչ է անում և Ադրբեջանին և ՀՀ-ին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես՝ ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտմանը, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքը, առողջությունը։ ՄԻԵԴ-ը կողմերին նաեւ կոչ է անում կատարել կոնվենցիոն պարտավորությունները, հատկապես կոնվենցիայի 2-րդ(կյանքի իրավունք) և 3-րդ(խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելք) հոդվածների առումով։ Կողմերը հնարավորինս սեղմ ժամկետում պարտավորությունների կատարման տեղեկություն պետք է ներկայացնեն եվրոպական դատարան։

01․10․2020 Ադրբեջանը չի կատարում կոնվենցիոն պարտավորությունները
Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել Ադրբեջանի հանրապետության կողմից 2020թ․-ի սեպտեմբերի 29-ի միջանկյալ միջոցի կիրառման որոշումը չկատարելու վերաբերյալ նոր ապացույցներ: Ադրբեջանը շարունակում է խախտել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և թիրախավորել քաղաքացիական բնակչությանն ու բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները: Խախտումները րոպե առաջ դադարեցնելու նպատակով Հայաստանի հանրապետության կառավարությունը կդիմի մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավական այլ գործիքակազմերի ևս:

04․10․2020 Թուրքիայի հանդեպ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ
Հայաստանի կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը և շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին։

05․10․2020 Արգելված զինատեսակների օգտագործումն Ադրբեջանի կողմից
ՄԻԵԴ են ուղարկվել բազմաթիվ ապացույցներ, որոնց հիման վրա Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկվելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք խախտումների համար: Մասնավորապես, Ադրբեջանն արգելված՝ կասետային զինատեսակներով միտումնավոր թիրախավորում է Արցախի քաղաքացիական բնակավայրերը, քաղաքացիներին և քաղաքացիական օբյեկտները և լայնածավալ՝ ոչ ընտրողական կերպով բնակավայրերը ռմբակոծում, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի և Եվրոպական կոնվենցիայի նորմերի կոպտագույն խախտում է։
03․11․2020 Թուրքիան՝ հակամարտության բացահայտ կողմ
Հայաստանը ՄԻԵԴ-ին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի շարունակական, ուղղակի և անուղղակի ներգրավման մասին: Նաև հավաստի ապացույցներ են ներկայացվել հակամարտությունում սիրիացի վարձկանների ներգրավման վերաբերյալ, որոնք Ադրբեջան են տեղափոխվել ու տեղակայվել թուրքական ուժերի կողմից: Միևնույն ժամանակ, Թուրքիան շարունակում է իր ներգրավվածությունը՝ հակամարտությունում Ադրբեջանին օգնելու պատրաստակամության անթաքույց հայտարարություններով:

02․12․2020 Թուրքիան վկայակոչել է Արցախի հարցով եռակողմ հայտարարությունը
2020թ․-ի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրված համատեղ հայտարարությունը հիմք ընդունելով՝ Թուրքիան նոյեմբերի 17-ին դիմել է Եվրոպական դատարան՝ չեղարկելու իր հանդեպ կիրառված միջանկյալ միջոցի որոշումը: Եվրոպական դատարանը վերացրել Է Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը: Միաժամանակ ՄԻԵԴ-ը վերահաստատել է, որ Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը շարունակում է մնալ ուժի մեջ:

2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 22-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպանվել է ապացուցված 60 քաղաքացիական անձ․ թիրախային հարվածների հետևանքով՝ 39, իսկ գերեվարման մեջ՝ 21 քաղաքացի: Արձանագրվել են խոշտանգման և դիակների խեղման, անխուսափելիորեն քաղաքացիական մահերի հանգեցնող թիրախային հարվածների մի շարք դեպքեր: 163 բնակիչ վիրավորվել է։
Պատերազմում զոհված զինծառայողների, գերիների եւ անհետ կորածների թվերը դեռեւս վերջնական չեն
The publication was prepared in the framework of "Strengthening Independent Media in Europe and Eurasia" project implemented by Media Initiatives Center, with the financial support of Internews․

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ:
Made on
Tilda