Մարդու իրավունքները
պատերազմի թակարդում
Ադրբեջանը եւ Թուրքիան 2020թ․ սեպտեմբերին հարձակվեցին Արցախի վրա, հրետակոծեցին նաեւ Հայաստանի սահմանամերձ գյուղերը։ Հակառակորդն անզեն մարդկանց դեմ գործի դրեց զինանոցի բոլոր միջոցները՝ խախտելով նրանց հիմնարար իրավունքները
Ադրբեջանը Թուրքիայի լիակատար աջակցությամբ լայնածավալ հարձակման ժամանակ Արցախում թիրախավորեց խաղաղ բնակիչներին, քաղաքային ենթակառուցվածքները, դպրոցներն ու հիվանդանոցները։ Պատերազմի առաջին օրից Արցախի եւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները փաստագրեցին ադրբեջանաթուրքական կողմի ռազմական հանցագործությունները։
ՄԻԵԴ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի
Միջազգային իրավական ատյանում Ադրբեջանին հակազդելու հնարավորությունները
Պատերազմի 44 օրերին եւ հաջորդիվ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը սկսեց գործընթաց, որի հեռահար նպատակն է՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք խախտումների համար
27․09․2020 Միջանկյալ միջոց կիրառելու պահանջ՝ Ադրբեջանի նկատմամբ
Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով․ դրանք են՝
-Պարտադրել Ադրբեջանին դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը Հայաստանի և Արցախի շփման գծի ողջ երկայնքով,
-Պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից,
-Պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց:

29.09.2020 Միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա ՄԻԵԴ որոշումը
ՄԻԵԴ-ը կոչ է անում և Ադրբեջանին և ՀՀ-ին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես՝ ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտմանը, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքը, առողջությունը։ ՄԻԵԴ-ը կողմերին նաեւ կոչ է անում կատարել կոնվենցիոն պարտավորությունները, հատկապես կոնվենցիայի 2-րդ(կյանքի իրավունք) և 3-րդ(խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելք) հոդվածների առումով։ Կողմերը հնարավորինս սեղմ ժամկետում պարտավորությունների կատարման տեղեկություն պետք է ներկայացնեն եվրոպական դատարան։

01․10․2020 Ադրբեջանը չի կատարում կոնվենցիոն պարտավորությունները
Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել Ադրբեջանի հանրապետության կողմից 2020թ․-ի սեպտեմբերի 29-ի միջանկյալ միջոցի կիրառման որոշումը չկատարելու վերաբերյալ նոր ապացույցներ: Ադրբեջանը շարունակում է խախտել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և թիրախավորել քաղաքացիական բնակչությանն ու բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները: Խախտումները րոպե առաջ դադարեցնելու նպատակով Հայաստանի հանրապետության կառավարությունը կդիմի մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավական այլ գործիքակազմերի ևս:

04․10․2020 Թուրքիայի հանդեպ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ
Հայաստանի կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը և շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին։

05․10․2020 Արգելված զինատեսակների օգտագործումն Ադրբեջանի կողմից
ՄԻԵԴ են ուղարկվել բազմաթիվ ապացույցներ, որոնց հիման վրա Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկվելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք խախտումների համար: Մասնավորապես, Ադրբեջանն արգելված՝ կասետային զինատեսակներով միտումնավոր թիրախավորում է Արցախի քաղաքացիական բնակավայրերը, քաղաքացիներին և քաղաքացիական օբյեկտները և լայնածավալ՝ ոչ ընտրողական կերպով բնակավայրերը ռմբակոծում, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի և Եվրոպական կոնվենցիայի նորմերի կոպտագույն խախտում է։
03․11․2020 Թուրքիան՝ հակամարտության բացահայտ կողմ
Հայաստանը ՄԻԵԴ-ին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի շարունակական, ուղղակի և անուղղակի ներգրավման մասին: Նաև հավաստի ապացույցներ են ներկայացվել հակամարտությունում սիրիացի վարձկանների ներգրավման վերաբերյալ, որոնք Ադրբեջան են տեղափոխվել ու տեղակայվել թուրքական ուժերի կողմից: Միևնույն ժամանակ, Թուրքիան շարունակում է իր ներգրավվածությունը՝ հակամարտությունում Ադրբեջանին օգնելու պատրաստակամության անթաքույց հայտարարություններով:

02․12․2020 Թուրքիան վկայակոչել է Արցախի հարցով եռակողմ հայտարարությունը
2020թ․-ի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրված համատեղ հայտարարությունը հիմք ընդունելով՝ Թուրքիան նոյեմբերի 17-ին դիմել է Եվրոպական դատարան՝ չեղարկելու իր հանդեպ կիրառված միջանկյալ միջոցի որոշումը: Եվրոպական դատարանը վերացրել Է Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը: Միաժամանակ ՄԻԵԴ-ը վերահաստատել է, որ Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը շարունակում է մնալ ուժի մեջ:

ԿՅԱՆՔԸ՝ ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Պատերազմի պատճառով տունն ու հարազատներին կորցրած արցախցիները ժամանակավոր տանիք են գտել Հայաստանում
Տասնյակ հազարավոր բնակիչներ հարկադրված տեղահանվեցին․ թշնամուն մնացին տարիներով շենացված օջախը, այգին, սրբավայրերը։ Շատերը հեռանալիս այրեցին տները, անգամ՝ տեղափոխեցին հարազատների շիրիմները, որպեզի բարբարոսները չպղծեն։ Մի մասն էլ արդեն վերադարձել է Արցախ, բայց ոչ բոլորը տուն ունեն․ կամ վարձով են ապրում, կամ նկուղներում։
13-ամյա Դավիթը հոր մեքենայով Ստեփանակերտից ընտանիքը տեղափոխել է Հայաստան
Ստեփանակերտի հրետակոծության ժամանակ Դավթի ընտանիքը պաստպարվել է ապաստարանում։ Քանի որ ընտանիքում նորածին ու փոքր երեխաներ կային, հայրը որոշել է ապաստարանից բոլորին արագ տեղափոխել Հայաստան։ 2 ընտանիք պետք է տեղափոխվեր, կար 2 մեքենա, 2 վարորդ, որից մեկը՝ անչափահաս․ Դավիթն էր։ Համեստություն է անում, ասում է՝ հերոսություն չէ մեքենա վարելը։ Թե ոտքն ինչպես էր հասնում «պեդալին», Դավիթը ծիծաղելով պատասխանում է․ «Իջնում էի գազը սեղմում, բարձրանում, նայում»։

Կարինե Չախալյանի ընտանիքը 24 տարի բնակվում էր Քարվաճառում

«6 տղա ունեմ, 5-ը ծառայել, եկել են, մեկից ոչ մի տեղեկություն չունեմ»,-ասում է Երեւան տեղափոխված Կարինե Չախալյանը եւ ավելացնում․ «Եկել ենք տուն վարձենք։ Ես ուզում եմ վերադառնալ Արցախ, եթե այնտեղ տուն տան, օգնեն տնտեսություն ստեղծել»։ Ամուսինն այլ կարծիքի է․ «Տուն դրեցի, մնաց թուրքին, էս տարիքում գնամ, նորից տուն դնե՞մ։ Չես էլ կարա ասես՝ անվտա՞նգ է։ Ի՞նչ գիտես, կարող է մի ամիս հետո թուրքերը մտնեն, գիշերով լցվեն տները՝ մարդկանց փրթեն։ Էդ որ ասում են՝ ռուսների բանակը էնտեղ նստած է, բա որ էնտեղ է, թող թողնեն գնամ իմ էրեխուս հանեմ Հադրութից․ դին մինչեւ հիմա չկա»։
Հադրութեցին այլեւս չգիտի, թե ինչ է անվտանգ կյանքը
Տիկին Նունեն Երեւանում 2 անգամ սննդի փաթեթ է աջակցություն ստացել․ նոր է իմացել, որ Արցախի երեւանյան շտաբում տաքացուցիչներ, վերմակ, ներքնակ են տալիս, իսկ դրա կարիքը շատ ունեն։ «Մենք Չարենցավանում բարեկամի տանն ենք ապրում․ մենք մեծ ենք, ոչինչ, բայց եղբորս ընտանիքին Արտաշատում մի տեղ են տվել, ցուրտ, էրեխեքը մրսում են, մեծ ընտանիք է»,-ասում է կինը։ Հարց է տալիս՝ մինչեւ ե՞րբ են ապրելու բարեկամի տանը, վարձով բնակարան էլ չեն գտնում, մատչելի բնակարանները զբաղված են, որն էլ ազատ է՝ թանկ է, պետությունն էլ մինչեւ 100 հազար դրամ է վարձի փոխհատուցում տալիս․ «Ի՞նչ է լինելու, որտե՞ղ ենք ապրելու։ Էնքան բան ենք տեսել, էլ չգիտեմ՝ անվտանգ ապրելը որն է»։
Հասմիկ տատը երազում է Ստեփանակերտը նորից շենացրած տեսնել
Գորիսի մանկապարտեզներից մեկում ապաստան է գտել Հասմիկ Բաղրյանը։ «Խաղաղություն եմ ուզում, խաղաղություն, աստված»,-կրկնում է նա։ 92-ամյա կինը հպարտությամբ է պատմում, որ թոռը՝ Դավիթը, կապիտանի կոչում ունի։ Տիկին Հասմիկն արցախյան առաջին պատերազմի ժամանակ բուժքույր է աշխատել, խնամել վիրավորներին, ռմբակոծությունների տակ գնացել աշխատանքի։ Հառաչանքով հիշում է՝ իրենց սիրուն Ստեփանակերտն այն ժամանակ ավերակների վերածվեց, հետո կառուցեցին, շենացրին, իսկ հիմա նորից ավերակներ են…Երազում է Արցախի մայրաքաղաքը նորից շեն տեսնել։

«Պատերազմն էնի ա, որ վատ բաներ ա լինում, որ կրակում են սամալյոտներից»
6-ամյա Նարեն Շուշիից ու Ստեփանակերտից Երեւան տեղափոխված փոքրիկներից «Պատերազմն էնի ա, որ վատ բաներ ա լինում, լինում ա, որ տներն ա ջարդվում, որ կրակում են սամալյոտներից, որ պաժար ա ընկնում։ Սկզբից չէի հասկանում ինչ ա կատարվում, ինձ թվում էր՝ անձրեւ ու կարկուտ ա»,-նկարագրում է շուշեցի աղջնակը։ Նա պատրաստվում էր առաջին դասարան գնալ։ Երբ Շուշիում վաղ առավոտյան լսվում է տագնապի ազդանշանը, ընտանիքն արագ հավաքում է իրերը։ Տիգրանն ու մյուս քույրը՝ Մարիան, գրքերն են վերցնում, մայրը՝ հագուստն ու առաջին անհրաժեշտության իրերը։

Չարեկտարցի Հովիկն ընտանիքը տեղափոխել է Վարդենիս
36-ամյա Հովիկ Առաքելյանը պատերազմի ավարտից մի քանի օր անց Շահումյանի շրջանի Չարեկտար գյուղից ընտանիքը տեղափոխել է Գեղարքունիք՝ Վարդենիս քաղաք, որտեղ տուն է վարձել։ Աղջիկները 2 և 4 տարեկան են։ Հիշում է, որ երբ տեղափոխվել է Չարեկտար գյուղ, վերանորոգել է տունը, որը հիմա լքել է ստիպված։ Առաջնահերթ երեխաների իրերն է տեղափոխել։ Հովիկը երկար տարիներ եղել է պայմանագրային զինծառայող, սակայն առողջական խնդիրների պատճառով մեկ տարի առաջ դուրս է եկել ծառայությունից, զբաղվել անասնապահությամբ, ու հիմա դեռ չգիտի, թե Վարդենիսում ինչ աշխատանք կկարողանա գտնել։
Թշնամին մեր գյուղում ոչխարները մորթում է, դնում մանկասայլակի մեջ ու քշում
Վարսենիկ Բուդաղյանն ու Խաչատուր Ավետիսյանն անորոշության մեջ են․ իրենց գյուղում՝ Հադրութի Մեծ Թաղերում, հիմա հակառակորդն է հաստատվել, տեսանյութեր է հրապարակում, թե ինչպես է պղծում ամեն ինչ։ «Ուզում ենք Ղարաբաղ վերադառնալ, բայց թշնամուն չենք վստահում, վախենում ենք։ Որ տեսնում ենք, թե նրանք ինչ տեսանյութեր են նկարում մեր գյուղից․․․ոչխարները մորթում, դնում են մանկասայլակի մեջ ու քշում։ Գերեզմանի քարին են նստում՝ նկարվում»,-ասում է Վարսենիկը։ Հիմա Տավուշի մարզի Գոշ գյուղում են ժամանակավոր ապրում, չգիտեն, թե ինչ պետք է անեն։ Ամուսինն էլ Հադրութում է կռվել, ձախ աչքի տեսողությունը կորցրել է։
«Պապան է պոստերից զանգում»
Արմինե Պիլիյանը երկու անչափահաս երեխաների հետ Արցախից տեղափոխվել է Սյունիքի մարզի Տեղ գյուղ։ Մեխակավանում, երբ սկսվել է հրետակոծությունը, կարծել է՝ երկրաշարժ է․ «Առավոտյան ժամը յոթին են կրակել, տունը դղրդաց։ Ասացի էրեխեք, երկրաշարժ է, վեր կացեք։ Պատուհանից նայեցի, ասացին՝ Արմինե, ի՞նչ ես գլուխդ կախ գցել, կռիվը սկսվել ա։ Արագ դուրս եկանք»։ Պատմելիս կնոջ հեռախոսը զանգում է․ «Պապան է պոստերից»։ Ուրախությունն ու արցունքները խառնվում են։ Գոռը՝ Արմինեի որդին, հոր հետ չի կարողանում հեռախոսով խոսել․ հուզվում է, հեռախոսը վերադարձնում մորը։
2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 22-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպանվել է ապացուցված 60 քաղաքացիական անձ․ թիրախային հարվածների հետևանքով՝ 39, իսկ գերեվարման մեջ՝ 21 քաղաքացի: Արձանագրվել են խոշտանգման և դիակների խեղման, անխուսափելիորեն քաղաքացիական մահերի հանգեցնող թիրախային հարվածների մի շարք դեպքեր: 163 բնակիչ վիրավորվել է։
Պատերազմում զոհված զինծառայողների, գերիների եւ անհետ կորածների թվերը դեռեւս վերջնական չեն
Made on
Tilda